«Շատերը նույնիսկ չեն ծառայել, բայց ձեռքները գրպաններում դրած զորամասեր են գնում, ֆոտոսեսիաներ անում»
03.03.2020 | 01:19
«Իրատեսի» զրուցակիցն է ռազմական փորձագետ ՎԻՏԱԼԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ։
-Պարոն Մանգասարյան, թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարեսկզբին հայտարարում էր, թե բանակում զոհերի թվով պատմական նվազագույնի ենք հասել, սակայն վերջին երկու ամսվա ընթացքում պատկերը բոլորովին այլ է: Ողբերգական դեպքեր հիմնականում ոչ թե հակառակորդի սադրիչ գործողությունների պատճառով են լինում, այլ դրանք կա՛մ սպանություն են, կա՛մ ինքնասպանություն, կա՛մ ինքնասպանության դրդելու հետևանք:
-Գրանցված մահերի մի մասը հիվանդությունների պատճառով է եղել, մյուսը՝ դժբախտ պատահարների, ինչը նույնքան ցավալի է: Դեպքերի առիթով քրեական գործեր են հարուցված, հետևաբար հետևություններ անելուց առաջ նախ պետք է այդ գործերի մանրամասներին ծանոթանալ, տիրապետել: Մինիմումների և մաքսիմումների դաշտ չեմ ցանկանում մտնել, քանզի նման զգայուն թեմաների մասին խոսելուց առաջ առավել քան գործել է անհրաժեշտ:
-Հասարակական-քաղաքական, մշակութային գործիչների բարձրաձայնումներից հետո թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ պատգամավորները փակ հանդիպումներ ունեցան բանակի պատասխանատուների հետ: Դրանից հետո նաև պաշտոնանկություններ եղան: ԶՈՒ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը, պաշտոնանկ արվեցին։ Ըստ Ձեզ՝ պաշտոնանկությունները կարո՞ղ են իրավիճակ փոխել, խնդրի կարգավորման համար այն կարո՞ղ է վճռորոշ լինել:
-Եթե երկրի ղեկավարությունը ձեր կողմից նշած գործիչների բարձրաձայնումներից հետո է միայն մտահոգվում ու ցուցադրական քայլեր կատարում, ապա դա այնքան էլ գովելի չէ: ԱԺ-ում տեղի ունեցած փակ նիստից հետո պատգամավորների մեծ մասը իրենց Facebook-յան էջերում խիստ մտահոգություն հայտնեց ու լուրջ-լուրջ բաներ գրեց, բայց դրանից հետո նրանցից որևէ մեկը զորամաս չայցելեց՝ մոտիկից խնդիրներին ծանոթանալու համար: Շատերը նույնիսկ չեն ծառայել, բայց ձեռքները գրպաններում դրած՝ որևէ տոնից առաջ կամ հետո զորամասեր են գնում, ֆոտոսեսիաներ անում : Հենց այդ ժամանակ էր անհրաժեշտ, որ անգամ մի քանի օրով զինվորների կողքին լինեին, խոսեին նրանց հետ, լսեին նրանց, ծանոթանային ամենամանր խնդիրներին և այլն: Ինչ վերաբերում է պաշտոնանկություններին, ապա չեմ կարծում, որ ձեր կողմից նշված երկու փոփոխությունները խնդրին ամբողջական լուծում կտան:
-Շատ է խոսվում այն մասին, որ բանակում տեղի ունեցող սպանությունների կամ ինքնասպանությունների հիմնական պատճառը զինվորների՝ քրեական ենթամշակույթին տուրք տալն ու դրանով առաջնորդվելն է: Իրավապաշտպանները սակայն հակադարձում են, թե վերոնշյալ ենթամշակույթի կրողը հրամանատարական կազմն է: Ենթամշակույթին հարելու առնչությամբ վերջերս օրենք ընդունվեց, փաստորեն, այն որևէ կերպ բանակին չի հասել:
-Քրեական բարքերի մասով՝ իշխանության քաղաքականությունը կամ տեսակետն ինձ համար այդքան էլ հասկանալի չէ: Վարչապետի համար, օրինակ, քրեական ենթամշակույթի դրսևորում է զինվորների՝ նույն լվացքի մեքենայով վարտիքները լվանալու ցանկության բացակայությունը: Ըստ իս՝ դա հիգիենիայի, ոչ թե քրեածին բարքերի հարց է: Ինչ վերաբերում է սպաների՝ քրեական ենթամշակույթի կրողը լինելու տեսակետին, իմ համոզմամբ՝ այդ մարդիկ սպայական ինստիտուտի վարկաբեկմամբ են զբաղվում: Բանակում շատ բանիմաց, հայրենասեր ու իրենց գործին նվիրված սպայական կազմ ունենք այսօր: Իհարկե, չեմ կարող բացառել, որ քրեական ենթամշակույթով առաջնորդվող հրամանատարներ էլ կան, բայց ընդհանրական հայտարարություններն անթույլատրելի են:
-Մեր թերթի նախորդ համարներից մեկում գրել էինք, որ սպանություններից մեկը, օրինակ, հեռախոսի լիցքավորման լարի պատճառով է եղել: Վարչապետն էլ ասում է, թե երբ բանակում ֆինանսական միջոցները շատանում են, շատանում են նաև, այսպես ասած, «բազարները»:
- Զորամասերում հեռախոսներ ունենալու թույտվությունն ի սկզբանե սխալ է եղել, այն լրացուցիչ գլխացավանք է սպաների համար՝ դեռ չասած անվտանգության և ինֆորմացիայի արտահոսքի ռիսկերը: Զինվորների ձեռքը հեռախոս տալով՝ սենտիմենտալ խնդիր ենք լուծել միայն, որ զինվորի ծնողները հաճախ խոսեն զավակների հետ ու հնարավորինս հանգիստ լինեն: Գլխավոր շտաբի որոշման համաձայն՝ զինվորների ու սպաների հեռախոսները պետք է առանց տեսախցիկի ու համացանցից օգտվելու հանարվորության լինեն, բայց տեխնիկայի առաջընթացի այս դարում այժմ այնպիսի հեռախոսներ կան, որ առաջին հայացքից դժվար է տարբերել՝ տեսախցիկ կամ ինտերնետի հնարավորություն ունի՞, թե՞ ոչ: Իրականում դա մեծ գլխացավանք է հրամկազմի համար, որովհետև սպան, իր բան ու գործը թողած, հեռախոսներ ստուգելով պետք է զբաղվի: Ադրբեջանի հատուկ ծառայությունները վերջերս բավականին մեծ թվով սոցցանցային էջեր են կոտրել, որ հիմնականում զինծառայողներինն են եղել:
-Աբսուրդային մեկ այլ տեսակետի համաձայն՝ բանակում գրանցվող ողբերգական դեպքերը նախկին իշխանություններն են կազմակերպում, որ նորերին սաբոտաժի ենթարկեն: Սրա՞ն ինչպես եք վերաբերվում:
-Նման տեսակետ հայտնողները դրանով ոչ միայն նախկին, այլև ներկա իշխանություններին, բանակին ու հասարակությանն են վարկաբեկում: ՈՒ առհասարակ բոլոր նրանց, որ բանակաշինության գործում մեծ ավանդ ունեն: Կարճ ասած՝ դա հակապետական տեսակետ է:
-Հրամանատարներ պատրաստելիս մենք այսօր դնու՞մ ենք խնդիր, թե այդ մարդիկ ինչպես պետք է աշխատեն զինվորների հետ: Վերջերս մամուլը գրեց, օրինակ, որ նրանք արտերկիր վերապատրաստման են գնացել:
-Տարբեր ծրագրերի շրջանակներում մեր սպաներն արտերկիր դասընթացների միշտ էլ գնացել ու գնում են: Հատկապես վերջին շրջանում ժամկետային զինծառայողին՝ սկսած սննդից, վերջացրած հանրային ընկալման տարբեր դրսևորումներով, շատ ավելի ենք արժևորում, քան սպաներին: Զինվորին այժմ լավ սնունդ ենք տալիս, բայց սպային ասում ենք զորամասի դիմացի «վետերոկից» օգտվիր: Թեև իշխանության որոշ ներկայացուցիչներ արդեն սկսել են խոսել սպայի ինստիտուտի արժևորման և դերի բարձրացման մասին, բայց դեռևս գործուն քայլեր չեն արվում այդ ուղղությամբ: «Պատիվ ունեմ» բավականին գրավիչ ծրարի մասին, օրինակ, համարյա թե չի խոսվում, շատերն անգամ չգիտեն, չեն լսել այդ ծրագրի մասին, բայց պետք է բոլոր առիթներն օգտագործել ու հասարակությանն իրազեկել նմանատիպ ծրագրերի մասին:
-Վերջերս մամուլը գրեց նաև «էլիտար» զորամասի մասին, որտեղ կոնկրետ բարքեր, «չաստ նայողներ» ու որոշակի մարդկանց զավակներ են ծառայում: ՊՆ-ն սակայն հենց այնպես, հարևանցի անցավ այդ տեղեկության կողքով՝ ասելով միայն, որ նման բան չկա: Ի՞նչ հրապարակում էր դա իրականում:
-2000-ականների կեսերից «չաստ նայողի» իստիտուտն արդեն իսկ չկար, իսկ ինչ վերաբերում է պաշտոնյաների որդիների արարքների ինչ-ինչ դրսևորումներին, ապա բոլոր դեպքերին իրավական գնահատական է տրվել: Այո՛, բանակում կան խնդիրներ, և դրանց լուծում տալու համար գործ ունի անելու թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունը:
-Բանակն այսօր կարողանու՞մ է բոլորի զավակներից՝ անկախ պաշտոնից ու զբաղեցրած դիրքից, սոցիալական վիճակից ու գիտակցական մակարդակից, զինվոր կերտել:
-Անկախ ամեն ինչից բանակն այսօր, այո՛, կարողանում է զինվոր կերտել ու իր առջև դրված մարտական խնդիրը պատվով է լուծում, այն է՝ գիշեր-ցերեկ պահպանել հայկական երկու պետությունների անվտանգությունը:
Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ